Меню сайта
Категории раздела
История Армении [106]
Звезды Армении [26]
Հայոց պատմություն [122]
Համաշխարհային պատմություն [26]
Հետքրքիր նյութեր [12]
БЛОГ САЙТА [1]
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 Չախ_չախ թագավոր
Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան: Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին` ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում: Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր: Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա: Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում` բաղարջը չկա: Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի: Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում: Առավոտը վեր է կենում, տեսնում` մի աղվես է ընկել մեջը: -Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց` հիմի ես քեզ պանիր ցույց տամ: -Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի: Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում: -Ինձ մի սպանի,- ասում է, -մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես: Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ: Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում: Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում: Վազ է տալիս թագավորի մոտ: -Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք: Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք, ետ կբերենք: -Չախչախ թագավորն ո՞վ է,- զարմացած հարցնում է թագավորը: -Դու դեռ չես ճանաչում,- պատասխանում է աղվեսը: -Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ: Կոտը տուր, տանենք ոսկին չափենք. հետո կճանաչես: Կոտն առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս: -Օֆ,- ասում է,- զոռով չափեցինք: -Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,- մտածում է թագավորը: Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում: Մյուս օրը աղվեսը ետ է գալիս, թե` Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի. ձեր կոտը տվեք, չափենք կբերենք: Կոտն առնում է տանում: Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում: -Օֆ,- ասում է,- մեռանք մինչև չափեցինք: Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում: Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում: Անց է կենում մի քանի օր: Մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե` Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է: Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում: -Դե գնացեք,- ասում է,- շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք: Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում: Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե` հապա թագավորի աղջկը քեզ համար ուզել եմ: Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք: -Վա¯յ, քու տունը քանդվի, այ աղվես. էդ ի՞նչ ես արել,- ասում է վախեցած ջաղացպանը: -Ես ով, թագավորի աղջիկը ով: Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր... Հիմի ես ի՞նչ անեմ... -Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ,- հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ: Վազելով ընկնում է պալատը: -Հայ-հարա¯յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի: Չամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան: Ինքը ազատվեց փախավ: Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի, շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի: Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ ծատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն: Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում: Ջաղացպանի քուրքը հանոսւմ, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգին: Շրջապատված մեծամեծներով, առջևից ձիավորներ, ետևից ձիավորներ - էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը: Իր օրումը պալատ չտեսած ջաղացպա¯ն. շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում: -Էս ինչո՞ւ չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր,- հարցնում է թագավորը: -Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած: -Չէ, դրանից չի,- պատասխանում է աղվեսը: -Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե¯ղ, էս որտեղ... Նստում են ճաշի: Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում: Ջաղացպանը չի իմանում` որին ձեռք տա կամ ինչպես ուտի: -Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,- հարցնում է թագավորը: -Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում: Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և, վերջապես, ի¯նչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար: Ի՞նչպես հաց ուտի,- պատասխանում է աղվեսը հառաչելով: -Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,- խնդրում է թագավորը: -Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք: Ու քեֆ են անում, ուտում,խմում, ածում, պար գալի. յոթն օր, յոթ գիշեր հարսանիք են անում: Աղվեսն էլ դառնում է քավոր: Հարսանիքից հետո թագավորը աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ: -Կացե°ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,- ասում է քավոր աղվեսը ու վազ տալի: Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում: -Էս ո՞ւմ նախիրն է: Ասում են. –Շահ-Մարինը: -Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ` գլուխը կտրել կտա: Որ հարցնի թե ումն է, ասեք` Չախչախ թագավորինը, թե չէ` վայն եկել է ձեզ տարել: Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է: -Էս ո՞ւմն է: -Շահ-Մարինը: Հովիվներին էլ նույնն է ասում: Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են: -Էս ո՞ւմ արտերն են: -Շահ-Մարինը: Հնձվորներին էլ նույնն է պատվիրում: Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ: -Էս ո՞ւմն են: -Շահ-Մարինը: Խոտ հարողներին էլ նույնն է ասում: Հասնում է Շահ-Մարի պալատին: -Շահ-Մար, ա Շահ-Մա°ր,- գոռում է հեռվից վազելով: -Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես: Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի: Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել. էն աղուհացը դեռ չեմ մոռացել: Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ: Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել: -Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,- հարցնում է սարսափած Շահ-Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը: -Փախի°, շուտով ձի նստի փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես: Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից: Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները: Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով: Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց աեջևից ու ետևից անհամար ձիավորներ: Հասնում են մի դաշտի: Տեսնում են մեծ նախիր է արածում: -Էս ո՞ւմ նախիրն է,- հարցնում են ձիավորները: -Չախչախ թագավորինը,- պատասխանում են նախրապանները: Անց են կենում: Հասնում են սարերին: Տեսնում են ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է: -Էս ո՞ւմն է,- հարցնում են ձիավորները: -Չախչախ թագավորինը,- պատասխանում են հովիվները: Անց են կենում: Հասնում են ընդարձակ արտերի: -Էս ո՞ւմ արտերն են: -Չախչախ թագավորինը: Հասնում են խոտհարքներին: -Էս ո՞ւմն են: -Չախչախ թագավորինը: -Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի: Էսպեսով աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին: Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում: Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը: Յոթն օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են իրենց տեղը: Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում: Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է:
Поиск
Нас посещают
ARMhistory.ru Website about Liberated Territory of Artsakh Онлайн кинотеатр